«Զվարթնոց» օդանավակայանը այսօր` հոկտեմբերի 18-ի ժամը 11.00-ից դադարեցրել է «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը:  Նա նշեց, որ չվերթների սպասարկման վերականգնումը կախված է միայն ավիաընկերությունից, թե երբ քայլեր կձեռնարկեն պարտքերի նվազեցման ուղղությամբ:

Նշենք, որ «,Զվարթնոց» օդանավակայանը կրկին դադարեցրել էր «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը: Սակայն «Արմավիան» փոխանցել էր 90 միլիոն դրամ եւ մինչեւ առավոտ «Զվարթնոցը» սպասարկել էր չվերթները: «Արմավիայի» ընդհանուր պարտքը «Զվարթնոցին» 3 միլիոն 360 հազար դոլար է,  որը պայմանագրով նախատեսված սահմանաչափից մեկ միլիոնով ավել է:

Հիշեցնենք, «Արմավիայի» եւ   «Արմենիա միջազգային օդանավակայանների» (որին պատկանում է «Զվարթնոց» օդանավակայանը) հակասություններն արդեն մի քանի ամիս շարունակվում են: Մի քանի անգամ «Զվարթնոցը» դադարեցրել էր «Արմավիայի» թռիչքները` պարտքի թույլատրելի ծավալի սահմանները գերազանցելու համար, սակայն բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության էին եկել: