Բաթումում ճաճայի շատրվան է բացվել: Այսպես կոչված Ճաճա-Թաուերը հոկտեմբերի 17-ին բացել են քաղաքապետ Ջեմալ Անանիձեն եւ կառավարության ղեկավար Լեւան Վարշալոմիձեն:

Ինչպես տեղեկացնում է «Business Գռուզիա»-ն, դեռեւս 2012թ. մարտին, երբ հայտնի դարձավ Ճաճա-Թաուերի կառուցման մասին, Բաթումի քաղաքային ժողովի նախագահ Գեորգի Քիրթաձեն հայտարարեց, որ դա «աշտարակ-շատրվան կլինի, որից ջրի փոխարեն վրացական ճաճա կհորդի, եւ բոլոր ցանկացողներն այն համտեսելու հնարավորություն կունենան»: Նաեւ խոստացվել էր, որր ճաճան կհոսի շաբաթը մեկ անգամ` 15 րոպեով:

Բացման արարողության ներկաները ճաճան խմել են ոչ թե շատրվանից, այլ հատուկ սարքավորումից: Բացի ճաճայի շատրվանից, աշտարակի 25 մետրանոց ենթակառույցում ներառվել են զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնը, չորս բաց լողավազաններ եւ այլ նշանակության օբյեկտներ:

Նշենք, որ ճաճան վրացական թունդ սպիրտային խմիչք է, որը դասվում է խաղողի կոնյակների շարքին: