2013 թ. հունվարի 1-ից նոր ՀԴՄ-երը կտեղադրվեն ամսական ավելացված արժեքի հարկ վճարող տնտեսվարող սուբյեկտների մոտ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Գործող օրենսդրությամբ՝ ԱԱՀ ամսական վճարողներ են տարեկան 100 մլն դրամից ավելի հասույթ ունեցողները: 2014 թ. հունվարի 1-ից նոր ՀԴՄ-եր կտեղադրեն ԱԱՀ-ի եռամսյակային հաշվետվություններ ներկայացնողները, իսկ 2015 թ.՝ մնացած բոլորը: Այսպիսով, առայժմ ՀԴՄ-երը փոխելու պահանջը վերաբերում է միայն խոշոր օբյեկտներին: Դրանք, ըստ ՊԵԿ ներկայացուցչի, 1100-ն են, որոնցում տեղադրված են 8400 ՀԴՄ-եր: Տնտեսությունում ՀԴՄ-երի ընդհանուր թիվը մոտ 60 հազար է:

Նոր ՀԴՄ-երի արժեքը 180 հազ. դրամ է: Ըստ Վ. Միրումյանի, հնարավոր է՝ փոքր բիզնեսին տրամադրվեն անվճար նոր ՀԴՄ-եր:

Նոր ՀԴՄ-եր տեղադրելու հիմնական նպատակը տվյալների ֆիսկալ պաշտպանվածությունն ավելացնելն է: Այդ նպատակով ՀԴՄ-երը պետք է ունենան չջրվող հիշող սարք՝ նվազագույնը 128 մեգաբայթ ծավալով, լրացուցիչ հիշողության քարտ տեղադրելու հնարավորություն, SIM քարտի միջոցով 3G եւ GPRS կապուղիներով ինտերնետին միանալու եւ տվյալներ փոխանցելու եւ հնարավորություն, կոդավորման հնարավորություն, եւ այլն: