Նախնական բախման ժամանակ Լուսինը կարող էր Երկրի «սաղմին» փոխանցել իր ջրի եւ թեթեւ տարրերի մեծ մասը: Այդ են վկայում Nature ամսագրում տպագրված հետազոտությունները: Ընդունված հիպոթեզի համաձայն` Լուսինն առաջացել է Թեյա մոլորակի եւ Երկրի «սաղմի» բախման արդյունքում: Բախման հետեւանքով տիեզերք է մղվել մատերիա, որից էլ առաջացել է Լուսինը: Գիտնականները ենթադրում էին, որ Լուսինը մատերիայի 40%-ը ժառանգել է Թեյայից, 60% -ը` Երկրից: Վերջին ժամանակներս այս տեսակետը վիճարկվում է:
Մոլորակագետների խումբը, ԱՄՆ-ի Սքրիփսի օվկիանոսագիտության ինստիտուտի աշխատակից ջեյմս Դեյի գլխավորությամբ, հետազոտել է «Ապոլոն» արշավախմբի կողմից Երկիր բերված լուսնաքարերը: Պարզվել է, դրանք գործնականում ցինկ (Zn) գրեթե չեն պարունակում, այնինչ դա Երկրի մատերիայի ամենատարածված տարրն է: Միաժամանակ ցինկի ամենատարածված իզոտոպների` ցինկ-64-ի եւ ցինկ-66-ի հարաբերակցությունը զարմանալի էր: Լուսինն ավելի շատ ծանր ցինկ է պաունակում, քան երկնաքարերն ու աստղակերպերը. դրանում ցինկ 66-ը 3-4 անգամ գերազանցում է Երկրի եւ Մարսի ցուցանիշը, ինչը տարօրինակ է, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Գիտնականները պարզել են, որ ցինկի նման պարունակություն առաջանում է միայն այն դեպքերում, երբ Լուսինը կամ դրա հիմնական մասը վերածվում է տաք մատերիայի ամպի, իսկ նման բան կարող էր տեղի ունենալ մեր մոլորակի ուղեկցի ձեւավորվելիս, երբ նրան ծնունդ տված Թեյան բախվեց «մանուկ» Երկրին:
Նման բախման ժամանակ Թեյայի եւ ապագա Երկրի մատերիաները խառնվել են եւ փոշե-գազային խառնուրդի մի մասը մղվել է տիեզերք: Ինչպես աստղագետներն են բացատրում, փոշեհատիկներում եւ գազում իզոտոպների հարաբերակցությունը տարբեր է. պինդ մատերիայում ծանր ցինկ-66-ն ավելի շատ է, իսկ գազանման մատերիայում գերակշռում է թեթեւ ցինկ-64-ը: Այդ գազն աստիճանաբար կանհետանա` իր պարունակած ցինկ-64-ով հանդերձ, ինչը բացատրում է Լուսնի եւ Երկրի իզոտոպային կազմի տարբերությունը:
Դեյի եւ մնացածների կարծիքով` տվյալ մեխանիզմը կարող էրԼուսնի վրա ջրի եւ թեթեւ նյութերի բացակայության պատճառ դառնալ: Նրանց խոսքով` Լուսնի «սաղմը» կարող էր ջրի զգալի պաշարներ պարունակել, որը կարող էր անհետանալ Երկրի հետ բախման արդյունքում:




























