Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն եվրոպական տարածաշրջանի երկրներում, այդ թվում` Հայաստանի Հանրապետությունում, գրիպի եւ սուր շնչառական վարակների առումով ներկայումս համաճարակային իրավիճակը լարված չէ:

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե նույն կազմակերպության հայտարարության համաձայն` եվրոպական տարածաշրջանի երկրներում այսօր շրջանառվում են գրիպի Ա եւ Բ տեսակները: Վիրուսաբանական հետազոտությունների արդյունքների վերլուծությունը վկայում է, որ հետազոտված դեպքերի 96% -ում արձանագրվում է գրիպի Ա տեսակը:

Եվրոպական տարածաշրջանի երկրներում ներկայումս չի դիտվում գրիպի, գրիպանման հիվանդությունների եւ սուր շնչառական վարակների ինտենսիվ շրջանառություն: Այսինքն` համաճարակային իրավիճակը գնահատվում է արտասեզոնային:

Ինչ վերաբերում է մեր հանրապետությունում գրիպի եւ սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակին, ապա պետք է նշել, որ նշված հիվանդությունների առումով իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Իրավիճակի գնահատման համար հանրապետությունում իրականացվում է շաբաթական մոնիտորինգ: Հանրապետությունում շարունակվում են կատարվել գրիպի նկատմամբ լաբորատոր, վիրուսաբանական, հետազոտությունները: Իրականացված հետազոտությունների արդյունքում գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին նորությունների հիման վրա այսօր հանրապետությունում շարունակվում են գրիպի եւ սուր շնչառական վարակների դեմ կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումները, որոնք կանոնակարգվում են ՀՀ առողջապահության նախարարի հրամանով եւ մի շարք մեթոդական ցուցումներով:

ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է` գրիպից կամ սուր շնչառական վարակներից զերծ մնալու համար

• խուսափե´ք հիվանդների հետ շփումներից,

• եթե հիվանդ եք, ապա մնացե´ք տանը,

• եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապեւտին կամ ընտանեկան բժշկին, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

• հագնվե´ք եղանակին համապատասխան,

• պահպանե´ք հազի եւ/կամ փռշտալու վարվելակարգը,

• օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկ,

• հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները: