Հայաստանի կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 18-ի նիստում հավանություն տվեց ՀՀ-ի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ ստորագրված «Սահմանային անցակետեր եւ ենթակառուցվածք» ֆինանսական պայմանագրին։

Նույն որոշմամբ համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջև «Հայաստանի հյուսիսային սահմանակետերի արդիականացման ծրագիր» վարկային համաձայնագրի կնքման առաջարկությանը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է 10,3 մլն եվրո վարկ ստանալ, որի գերակշիռ մասը՝ մոտ 9,8 մլն եվրո, օգտագործվելու է հյուսիսային սահմանակետերի շինարարության նպատակով: Վարկը արտոնյալ է՝ 15 տարով, որից 4 տարի արտոնյալ մարումով: 

Այս ծրագրի շրջանակներում կվերազինվեն հայ-վրացական սահմանին գտնվող Բագրատաշենի, Բավրայի եւ Գոգավանի սահմանային անցակետերն ու դրանց հարող ենթակառուցվածքները: