Հոկտեմբերի 18-ին Բրյուսելում ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ավետ Ադոնցը եւ Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի գլխավոր տնօրեն Ստեֆանո Մանսերվիսին նախաստորագրեցին Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ մուտքի վիզաների դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերը: Նախատեսվում է, որ նշված համաձայնագրերը կստորագրվեն 2012թ. դեկտեմբերին եւ վավերացման փուլ կմտնեն 2013թ. առաջին կեսին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար նախատեսվում են Շենգենյան գոտու երկրներ մուտքի վիզաներ ստանալու դյուրացված ընթացակարգեր: Համաձայնագրով ԵՄ երկրներ պարզեցված մուտք է նախատեսվում մի շարք կատեգորիաների ՀՀ քաղաքացիների համար, մասնավորապես` պաշտոնական պատվիրակության անդամների, գիտնականների, ուսանողների, լրագրողների, սպորտի եւ արվեստի գործիչների, ԵՄ երկրներում օրինական բնակություն ունեցողների մերձավոր ազգականների, ԵՄ երկրներում գործող հայկական սփյուռքի կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումների մասնակիցների, եւ այլոց համար: Նախատեսվում է նաեւ նվազեցնել Շենգենյան մուտքի արտոնագրի գինը` դարձնելով 35 եվրո, ինչպես նաեւ այն դարձնել անվճար մի շարք կատեգորիաների քաղաքացիների, այդ թվում` երեխաների ու թոշակառուների համար:
Հետընդունման համաձայնագրով կարգավորվելու է ԵՄ եւ Հայաստանի տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց վերադարձի եւ հետընդունման ընթացակարգերը:
Տեղեկանք: ԵՄ հետ մուտքի վիզաների դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2012թ. փետրվարի 27-28-ին Երեւանում: Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ ձեւավորվել էր հիշյալ երկու համաձայնագրերը հայկական կողմից բանակցելու համար պատասխանատու թիմ` Արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանի ղեկավարությամբ: 2012թ. ապրիլի 26-27-ին Բրյուսելում տեղի ունեցան բանակցությունների երկրորդ նիստերը: Հունիսի 28-ին Երեւանում տեղի ունեցան մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրի բանակցությունների, իսկ հուլիսի 19-ին` հետընդունման համաձայնագրի բանակցությունների երրորդ նիստերը: Նախաստորագրմանը հաջորդելու է ընթացակարգային գործընթաց` համաձայնագրերի ստորագրման եւ վավերացման ուղղությամբ: Ուժի մեջ մտնելու համար համաձայնագրերը պետք է համապատասխանաբար վավերացվեն Հայաստանի Ազգային Ժողովի եւ Եվրոպական խորհրդարանի կողմից:





























