Մենք չենք կարող ասել, որ լիարժեք ժողովրդավարական ենք այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունը երկու անգամ չի փոխվել: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ ելույթ ունենալով Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսում:
Ըստ նրա՝ շատերն են գալիս իշխանության, սակայն մոռանում են գնալու մասին: «Մի քանի օր անց Վրաստանը կունենա խորհրդարանական նոր մեծամասնություն: Ժողովրդավարության տեսանկյունից մենք կարեւոր քայլեր ենք արել, սակայն չենք կարող ասել, որ մինչեւ վերջ ժողովրդավարական ենք այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունը չի փոխվել երկու անգամ: Շատերն իշխանության են գալիս ժողովրդավարական ճանապարհով, սակայն մոռանում են հեռանալ», - նման խոսքերով է նա դիմել կոնգրեսի մասնակիցներին, հայտնում է «Ինտերպրեսնյուզը»:
Միխայիլ Սահակաշվիլին նաեւ նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուրախացել է Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, սակայն, ըստ նրա, այդ ուրախությունը վաղաժամ է:
Հիշեցնենք, որ Վրաստանում հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել էր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» կոալիցիան:




























