Եվրամիության նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն Բրյուսել է հրավիրել Վրաստանի վարչապետի թեկնածու «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին: Այս մասին հայտնել է «Վրացական երազանք»-ի առաջնորդներից մեկը` Դավիդ Ուսուպաշվիլին: Նրա խոսքով այցի շրջանակում Իվանիշվիլին կհանդիպի եվրոպական կառույցի բոլոր ղեկավարների հետ:
Նշենք, որ խորհրդարանական ընտրություններից հետո Իվանիշվիլին հայտնել է, որ վարչապետի պաշտոնում իր առաջին այցը կկատարի ռազմավարական գործընկերոջ երկիր` ԱՄՆ: Եվրոպայի այցը, հավանաբար երկրորդը կլինի կառավարության նոր ղեկավարի արտասահմանյան այցելությունների օրակարգում:
Հիշեցնենք, որ Վրաստանում է գտնվում Եվրոպական միության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն եւ օտարերկրյա հարցերով ԵՄ-ի բարձրագույն ներկայացուցչության տեղակալ Հելգա Շմիդտը: Նրանք հանդիպումներ են ունենում դեռեւս գործող կառավարության եւ հաղթած կոալիցիայի ներկայացուցիչների հետ:




























