Այսօր` հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի հերթական 21-րդ հանդիպումը: Ամերիկյան պատվիրակությունը ղեկավարում էին ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինը եւ ԱՄՆ կառավարության աջակցության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլյումը, իսկ հայկական պատվիրակության ղեկավարն էր ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ ԱՄՆ միջուկային կարգավորման հանձնաժողովից, Առեւտրի ներկայացուցչի գրասենյակից եւ Միջազգային զարգացման գործակալությունից:
Ամերիկյան եւ հայկական պատվիրակությունները համաձայնության եկան համագործակցել մի շարք նախաձեռնությունների շուրջ, որոնք նոր թափ կարող են հաղորդել երկու երկրների միջեւ երկկողմ առեւտրին ու ներդրումներին: Այս տարի քննարկումների ուշադրության կենտրոնում էր բիզնեսի խթանման համար առավել նպաստավոր միջավայրի ձեւավորման հարցը եւ առանձնացվեցին մի քանի ուղղություններ, մասնավորապես` հարկային եւ մաքսային քաղաքականությունը, արդար եւ հավասար մրցակցությունը, հարգանքը մտավոր սեփականության իրավունքի նկատմամբ: Բացի այդ, Հայաստանի եւ Միացյալ Նահանգների կառավարությունները ստորագրեցին հուշագիր էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ:
Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խումբը, որի առաջին նիստը կայացել է 2000թ., հարթակ է հանդիսանում երկու երկրների համար` քննարկելու այնպիսի հարցեր, ինչպիսիք են առեւտուրն ու ներդրումները, Հայաստանում ֆինանսական եւ շուկայական բարեփոխումների խորացումը եւ վերահանելու այնպիսի հնարավորություններ, որոնք թույլ կտան Հայաստանին եւ Միացյալ Նահանգներին աշխատել միասին եւ զարկ տալ տնտեսության հեռանկարային զարգացմանը:





























