«Զվարթնոց» օդանավակայանը այսօր` հոկտեմբերի 18-ի ժամը 17.00-ի սահմաններում վերսկսել է սպասարկել «Արմավիա» ավիաընկերության չվերթները: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը:  Նա նշեց, որ չվերթների սպասարկումը վերականգնվել է, քանի որ ավիաընկերությունը փոխանցել է 40 միլիոն դրամ: Այս պահին «Արմավիայի»` «Զվարթնոցին» պարտքը կազմում է 3 միլիոն 160 հազար դոլար, սակայն «Արմավիայից» խոստացել են, որ վաղը պարտքը կլինի 3 միլիոն դոլար:

Նշենք, որ երկու օր է` «Զվարթնոց» օդանավակայանը նորից դադարեցնում է «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը: Սակայն «Արմավիան» փոխանցում է որոշակի գումար, եւ դրանց սպասարկումը վերսկսում է:

Հիշեցնենք, «Արմավիայի» եւ «Արմենիա միջազգային օդանավակայանների» (որին պատկանում է «Զվարթնոց» օդանավակայանը) հակասություններն արդեն մի քանի ամիս շարունակվում են: Մի քանի անգամ «Զվարթնոցը» դադարեցրել էր «Արմավիայի» թռիչքները` պարտքի թույլատրելի ծավալի սահմանները գերազանցելու համար, սակայն բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության էին եկել: