Աթենքում տնտեսման խիստ միջոցների դեմ հանրահավաքը վերաճել է զանգվածային անկարգությունների: Ցուցարարները ոստիկանների վրա քարեր են նետել եւ դյուրավառ նյութերով շշեր: Ի պատասխան իրավապահ մամինների ներկայացուցիչները կիրառել են արցունքաբեր գազ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Հունաստանում տեղի է ունենում 24-ժամյա համաազգային գործադուլ: Աթենքի փողոցներ են դուրս եկել տասնյակ հազարավոր մարդիկ:
Քաղաքում չեն գործում պետական շատ հաստատություններ, հիվանդանոցներ, խանութներ: Նաեւ տրանսպորտի հետ կապված խնդիրներ կան. հասարակական տրանսպորտը կաթվածահար է եղել, շոգենավային կապն ընդհանրապես դադարեցվել է, իսկ բոլոր ավիաչվերթները հետաձգվել են 3 ժամով, հայտնում է «Գլավրեդը»:
Գործադուլի մասնակիցները բողոքում են բյուջետային հերթական կրճատումների դեմ, որին Հունաստանի կառավարությունը պետք է դիմի միջազգային ֆինանսական օգնության փոխարեն: Պայմանների կատարումից հետո Հունաստանը կարող է ստանալ հերթական վարկը՝ 130 միլիարդ եվրոյի չափով:
Գործադուլը տեղի է ունենում այն ընթացքում, երբ Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը պատրաստվում է Բրյուսելում հանդիպել եվրոպական առաջնորդների հետ`քննարկելու ճգնաժամից դուրս գալու միջոցները: Հունական մայրաքաղաքում անվտանգությունն ապահովում են անվտանգության ուժերի 4 հազար աշխատակիցներ:




























