Մոսկվան դեռեւս շարունակում է մանրամասնորեն հետաքննել Մոսկվա-Դամասկոս չվերթի ուղեւորատար ինքնաթիռի հարկադիր վայրէջքի բոլոր հանգամանքները: Ստացվել է ուղեւորների եւ անձնակազմի անդամների նկատմամբ կոպիտ վերաբերմունքի վկայություններ: Այս մասին հոկտեմբերի 18-ին Մոսկվայում հնչած պաշտոնական հայտարարության մեջ հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:
Նրա խոսքով, Անկարայում արդեն չեն խոսում ինքնաթիռում զինամթերքի առկայության մասին եւ ընդունում են Սիրիա ռադիոհաղորդիչ սարքավորումներ ուղարկելու իրավունքը, որը չի հակասում միջազգային կոնվենցիաներին, փոխանցում է ՌԲԿ-ն:
Մեկնաբանելով մի շարք արեւմտյան եւ թուրքական լրատվամիջոցների դեռեւս չհաստատված հայտարարությունները` ընդդիմադիր գրոհայինների կողմից խփված սիրիական բանակի ռազմական ուղղաթիռի մասին` Լուկաշեւիչը վտանագավոր քայլ է համարել գրոհայիններին զենիթա-հրթիռային տեսակի հզոր զենքի մատակարարումը:




























