Բանգլադեշի քաղաքացի Մոհամեդ Ռեզվանուլ Ահսան Նաֆիսը, ով փորձել է Մանհեթենում բանկ պայթեցնել, պարզվել է, որ բանկիրի տղա է: Հայրը` Ահսանուլլա Նաֆիսը որդուն նկարագրել է որպես օրինավոր  մարդ, ով ունակ չէ ահաբեկչություն կատարել եւ կոչ է արել Բանգլադեշի իշխանություններին  աջակցել եւ որդուն հայրենիք վերադարձնել:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են Բանգլադեշի քաղաքացու, որը պատրաստվում էր պայթեցնել Մանհեթանում գտնվող Նյու Յորքի դաշնային պահուստային բանկի մասնաճյուղը։ ՀԴԲ-ում 21-ամյա Նաֆիսին նկատել են, երբ վերջինս փորձում էր համացանցի միջոցով պայթուցիկ սարք ձեռք բերել։ ՀԴԲ-ի աշխատակիցները ներկայացել են իբրեւ ահաբեկիչներ, վաճառել են ռումբը եւ սպասել երիտասարդ ահաբեկչի գործողություններին։ Իհարկե, ռումբն իսկական չի եղել։

Նաֆիսը «պայթուցիկով» մեքենան կայանել է  շենքի մուտքի մոտ,  հեռու քաշվել եւ սեղմել կոճակը, հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը: Սակայն պայթյուն  տեղի չի ունեցել, փոխարենը նրան ձերբակալել են:

 Ըստ ՀԴԲ-ի` Բանգլադեշի 21-ամյա  քաղաքացի Նաֆիսը ԱՄՆ էր ժամանել հունվարին` ամերիկյան տարածքում ահաբեկչություն իրագործելու մտադրությամբ:  Ըստ հետաքննության` Նաֆիսը կապեր ունի «Ալ Կաիդայի» հետ, հաղորդում է «vesti.ru»-ն: Ըստ դատախազության տվյալների` Նաֆիսը տեսագրություն էր պատրաստել եւ նամակ,  որոնցում հայտարարել էր «Ամերիկան ոչնչացնելու» իր մտադրության մասին: