Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովում ընդունված բանաձեւը` ճգնաժամային իրավիճակների եւ խաղաղության ամրապնդման մասին, ավելի քան ուշագրավ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` նշելով, որ 56 երկրների կողմից ընդունված այդ բանաձեւում բավականին հետաքրքիր առանձնահատություն կա, որը պետք է հատուկ ուշադրության արժանանա:
Քաղաքագետի կարծիքով` այդ բանաձեւը համահունչ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մնացած` ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի, այնպես էլ Հայաստանի դիրքորոշմանը: «Ամենահետաքրքիրն այն է, որ շատ պետություններ չմիավորման շարժման անդամ են, իսկ մյուս կողմից, նրանց թվում կան շատ պետություններ, որոնք «Իսլամական համաժողով» կազմակերպության անդամ են: Եվ հետաքրքիր է, որ այդ երկրները մերժեցին Իսլամական համաժողովի ամբիոնից ղարաբաղյան հարցում աջակցության ստանալու Ադրբեջանի փորձերը»-նկատեց քաղաքագետը:
Հոկտեմբերի 13-ին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը որոշում կայացրեց Հայաստանի Հանրապետությանը որպես ՖՄԿ լիիրավ անդամ ընդունելու մասին։ Հոկտեմբերի 14-ին ՖՄԿ-ն ընդունեց ճգնաժամային իրավիճակների եւ խաղաղության ամրապնդման մասին եզրափակիչ բանաձեւ:




























