Անցումը 100 տոկոս համամասնական ընտրակարգի ինքնին չի կարող համարվել առաջընթաց գործող ընտրակարգի համեմատ: Այդ մասին նշված է ՀՀ կառավարության եզրակացությունում, ի պատասխան ՀՀ Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցության օրենսդրական նախաձեռնության` անցնելու 100 % համամասնական ընտրակարգին: ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 18-ի նիստում հաստատեց իր դիրքորոշումը` ՀՅԴ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Ընտրական օրենսգրքում», «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում, եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքում:

ՀՅԴ խմբակցությունն իր առաջարկությունը հիմնավորել է մի շարք գործոններով: Օրինակ, ըստ նախագծերի հեղինակների, խորհրդարանը միայն 100% համամասնական ընտրակարգով ընտրելու դեպքում կարող է վերածել երկրի քաղաքական թիվ մեկ ամբիոնի, որտեղ կլուծվեն երկրի կառավարմանը առնչվող քաղաքական խնդիրները եւ որտեղ տեղի կունենա բացառապես քաղաքական գործունեություն: Նշվել է նաեւ, որ մեծամասնական ընտրակարգով ընտրվողների մեծամասնությունը բիզնեսի ոլորտից է, ինչը չի նպաստում բիզնեսի եւ քաղաքականության տարանջատմանը:

Սակայն ՀՀ կառավարության եզրակացությունում նշվել է, որ որեւէ համակարգի միանշանակ ընտրությունն ինքնին կապ չունի ընտրական գործընթացի արդյունավետության հետ: Հայաստանի Հանրապետությունում մեծամասնական ընտրակարգի լրացուցիչ առկայությունը համամասնականին զուգահեռ հանդիսանում է այն երաշ-խիքը, որն ապահովում է կոնկրետ պատգամավորի կողմից բնակչության որոշակի հատվածի շահերը ներկայացնելու հնարավորությունը: Ակնհայտ է նաեւ, որ պառլամենտական մեծամասնություն կարող է ձեւավորվել միայն համամասնական ընտրակարգով ընտրված պատգա-մավորներից, քանի որ վերջիններիս թիվը խորհրդարանում զգալիորեն գերակայում է մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների քանակի նկատմամբ: