Բրյուսելի գագաթաժողովում եվրոպական երկրների առաջնորդները պայմանավորվել են հաջորդ տարվա ընթացքում միասնական կառույց ստեղծելու մասին` եվրագոտու բանկերի վերահսկման համար: Այդ որոշումը փոխզիջում է դարձել Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջեւ. մնչ օրս երկրները չէին կարողանում հստակ ժամկետների վերաբերյալ համաձայնության գալ: Այսպիսով, եվրագոտու երկրների առաջնորդներն առաջին քայլն են արել եվրոպական բանկային միությանն ընդառաջ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԵՄ-ի միասնական բանկային վերահսկման համաեվրոպական համակարգը կմշակվի 2013 թվականի հունվարի 1-ին: Նման հայտարարություն է արել Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն, հաղորդում է Reuters-ը:
Բանկային միության ստեղծումը 3 փուլ է ենթադրում. Եվրոպական Կենտրոնական բանկին եվրագոտու մյուս բոլոր բանկերին վերահսկելու իրավունքի շնորհում, խնդրահարույց բանկերի փակման համար հիմնադրամի ստեղծում եւ ամբողջ եվրագոտում ավանդների հուսալի պահպանության լիարժեք սխեմայի ստեղծում: Սպասվում է, որ բանկային խորհրդի ստեղծման աշխատանքները կսկսվեն 2014 թվականին, հայտնում է rbc-ն:
Եվրոպական պաշտոնյաների շրջանում կարծիք է տարածված, որ բանկային վերահսկմամբ պետք է զբաղվի ոչ թեԵԿԲ-ն, այլ այդ նպատակով ստեղծված հատուկ իրավասու մարմինը: Ըստ նրանց` ԵԿԲ-ն ի վիճակի չէ վերահսկել եվրագոտում գործող 4 հազարից ավելի բանկերը։


























