Սիրիայի կառավարական զորքերի կողմից Հալեպում ոչնչացված գրոհայինների թվում Ադրբեջանի քաղաքացի կա։

Համաձայն պետական «ՍԱՆԱ» գործակալության՝ Հալեպի Ալ Աթարեբ եւ Աս Սաֆիր թաղամասերում զինծառայողները հարձակվել են ահաբեկչական զինված խմբավորման վրա։ Գրոհայինները խոշոր կորուստներ են ունեցել։ Ոչնչացվածներից ճանաչվել են Ադրբեջանի քաղաքացի Հասին Քազլին եւ խմբավորումներից մեկի ղեկավար Ուբեյդա Ալ Մարսին։  Սա Սիրիայի կառավարության եւ խաղաղ բնակչության, այդ թվում՝ հայ համայնքի դեմ զինված գործողություններին ադրբեջանցի գրոհայինների մասնակցության առաջին պաշտոնական հաղորդումն է։

Պայթեցվել են ահաբեկիչների 4 եւ ԴՇԿ-ով լցված եւս մի քանի մեքենաներ։

Ալ Ազիզիա շրջանում գրոհայինները ինքնաշեն հրթիռ են արձակել Ջորջ Լահդայի հրապարակի ուղղությամբ։ Արդյունքում զոհվել է քաղաքացի Ֆաթիմա Թահանը՝ 25 տարեկան, եւս 16 մարդ վիրավորվել են։ Առայժմ հայտնի չէ՝ արդյոք տուժածների մեջ հայեր կան, թե ոչ։

Բիշքաթին, Ալ Մանսուր, Քաֆր-Հալյաբ, Բայանուն, Շեյխ Սոիլեյման, Սուք ազ Զահրավի, Աթ Թերքավի, Աշրաֆիա թաղամասերում եւ Ալ Մարջա հրապարակի մոտ զինծառայողները հատուկ գործողությունների ընթացքում տասնյակ ահաբեկիչների են ոչնչացրել։