Ռուսական Pussy Riot փանկ-խմբի միակ ազատ արձակված անդամը` Եկատերինա Սամուցեւիչը հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Երգչուհին բողոքարկել է Ստրասբուրգի դատարանին` իր կարծիքի ազատ արտահայտման իրավունքի խախտման, անօրինական քրեական հետապնդման եւ անհիմն ձերբակալման համար: Այս մասին գրում է «Կոմերսանտը»` վկայակոչելով Սամուցեւիչի իրավապաշտպանի դիմումը:
Իրավապաշտպանի կարծիքով, անգամ պայմանական ազատազրկումը խախտում է Եվրոպական կոնվենցիան, որը ապահովում է խոսքի ազատությունը: Իրապաշտպանը նաեւ վստահեցրել է, որ ռուսական դատարանները բազմիցս խախտել են կտտանքների կոնվենցիայի արգելքը, քանի որ դատի ընթացքում մեղադրյալը զրկված է եղել խմելու, սնվելու եւ քնելու նորմալ հնարավորությունից:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Pussy Riot-ի աղջիկները Հիսուս Փրկչի տաճարում դիմակներով «փանկ աղոթք» են իրականացրել: Օգոստոսի 17-ին Մոսկվայի Խամովնիչյան դատարանը խմբի անդամներին 2 տարվա ազատազրկման է դատապարտել: Հոկտեմբերի 10-ին Մոսգորսուդը Սամուցեւիչի դատավճիռը փոխարինել է պայմանական ազատազրկմամբ, մյուս երկու անդամների դատավճիռը մնացել է անփոփոխ:




























