Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Քասելբերի քաղաքի գեղեցկության սրահում տեղի ունեցած հրաձգության արդյունքում զոհվել են երեք կանայք եւ կրակողը:

Ոստիկանության տվյալներով 36-ամյա Բրեդֆորդ Բաումետը, հոկտեմբերի 18-ի առավոտյան մտնելով Las Dominicanas գեղեցկության սրահ, ատրճանակով կրակել է այցելուների եւ սրահի անձնակազմի  ուղղությամբ: Սրահում գտվող 7 կանանցից  3-ը տեղում մահացել են, իսկ երեքին հաջողվել է թաքնվել զուգարանում: Եվս մեկ տուժած հրազենային վնասվածք է ստացել եւ  ներկայումս հիվանդամոցում է գտնվում, հաղորդում է  «Մոսկովսկի կոմսոմոլեցը»: Կրակելուց հետո հանցագործը, գնալով  ընկերոջ տուն, հայտնել է, որ «չի կարողացել լուծել իր խնդիրները» եւ ինքնասպան է եղել, հաղորդում է «Դնի.ru»-ն:

Հանցագործի զոհերն են դարձել երեք կանայք. 52-ամյա այցելուն, սրահի 29-ամյա աշխատակցուհին եւ եւս մեկ աղջիկ, ում ինքնությունը ոստիկանությանը դեռեւս չի հաջողվել պարզել: Բացի այդ, հրազենային վնասվածքներ է ստացել նաեւ գեղեցկության սրահի 44-ամյա մենեջերը`Մարսիա Սանտյագոն: Իրավապահների նախնական տվյալներով` հենց Մարսիա Սանտյագոյի մոտ էր եկել Բաումետը: Ոստիկանները պարզել են, որ նրանք միասին էին ապրում: Հրաձգությունից առաջ նրանք վիճել էին խանդի հողի վրա: Հոկտեմբերի 9-ին Բաումետը ծեծել էր Սանտյագոյին, ինչից հետո նրան ձերբակալել էր ոստիկանությունը: Հոկտեմբերի 22-ին նրանք այս գործով պետք է դատարան ներկայանային: