Google  որոնման համակարգի եւ ֆրանսիական լրատվամիջոցների միջեւ սկանդալ է հասունացել. Google-ն սպառնացել է ֆրանսիական լրատվամիջոցների կայքերը բացառել որոնման արդյունքներից: Այդ մասին նշված է ընկերության նամակում, որն ուղարկվել է ֆրանսիական մի շարք նախարարությունների:

Le Figaro-ն բացատրում է, որ Ամենօրյա մամուլի արհմիությունը եւ քաղաքական ու ընդհանուր մամուլի ասոցիացիան օրենքի նախագիծ են ներկայացրել կառավարություն, որում առաջարկել էին Google-ի եւ որոնման այլ համակարգերի սեփականատերերից վճար գանձել կայքերի բովանդակության հղումների համար, հիմնավորելով, որ  Google-ը գոյատեւում է լրատվամիջոցների բովանդակության հաշվին, այնինչ իրենք բավական գումար չեն վաստակում:

Կառավարությունն ընդհանուր առմամբ հավանություն է տվել արհմիությունների գաղափարին, հայտնում է «Վեդոմոստին»:

Googlе-ը կտրականապես դեմ է հղումների համար վճարելուն: Ակնկալվում է, որ հոկտեմբերի 19-ին ընկերության ներկայացուցիչները կհանդիպեն Ֆրանսիայի փոքր եւ միջին ձեռնարկությունների, ինովացիաների եւ թվային տնտեսության նախարար Ֆլեր Պելրենի հետ: