Հունգարիայի արտգործնախարար Յանոշ Մարտոնիի Վաշինգթոն այցի ընթացքում ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կրկին «խոր հիասթափություն» է հայտնել ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման մասին որոշման առնչությամբ:
Ինչպես գրում է Asbarez-ը, Պետդեպի մամուլի ծառայությունից հայտնել են, որ «պետքարտուղար Քլինթոնը կրկին հաստատել է ԱՄՆ-ի խոր հիասթափությունը`Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու որոշման կապակցությամբ, որտեղ նրան անհապաղ ներում էին շնորհել: Այդ որոշումը վնասեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ կողմերի վստահությանը»:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ Հանձնախումբը ողջունում է պետքարտուղար Քլինթոնի շարունակական ջանքերը: «Մենք պետքարտուղարին կոչ ենք անում գործի վերածել Հունգարիայի եւ Ադրբեջանի հասցեին քննադատությունը, արգելել սպառազինությունների վաճառքը եւ Բաքվին ԱՄՆ-ի կողմից ռազմական օգնության հատկացումը»:





























