ՆԱՏՕ-ն Ռուսաստանին, Իրանին եւ Չինաստանին ներառել է իր գլխավոր կիբերհակառակորդների ցուցակի մեջ: Նոյեմբերի 13-16-ին ՆԱՏՕ-ի երկրները կիրականացնեն Cyber Coalition 2012 ռազմական ուսումնավարժանքները, որոնց շրջանակում ալյանսի երկրների վրա հնարավոր կիբերհարձակումների եւ պատասխան հարվածի սցենարներ կմշակվեն: Այս մասին գրում է «Կոմերսանտը»` վկայակոչելով ՆԱՏՕ-ի իր աղբյուրները:
Այդ սցենարի համաձայն, հարձակման են ենթարկվում երկու երկիր` Հունգարիան եւ Էստոնիան: Հաքերների գործողությունները հանգեցնում են նրան, որ Էստոնիայի կենսունակությունը ամբողջովին կաթվածահար է լինում: Բացի այդ, նրանց հաջողվում է շարքից հանել ՆԱՏՕ-ի ռազմա-տրանսպորտային ինքնաթիռի համակարգը, ինչի արդյունքում այն կործանվում է: Այս ամենից հետո ՆԱՏՕ-ն խորհրդացության ժամանակ որոշում է պատասխան հարված հասցնել, այդ թվում ռազմական միջոցներով:
Ռուսաստանն իր հերթին նույնպես սկսել է պատրաստվել հնարավոր կիբերպատերազմի. վերջերս ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հակավիրուսային համակարգերը շրջանցող միջոցների մշակման, ցանցային պաշտպանության եւ օպերացիոն համակարգերի պաշտպանության տենդեր է հայտարարել:
Նմանատիպ մշակումներ իրականացվում են նաեւ ԱՄՆ-ում: Ամեն տարի այս երկիրը կիբերանվտանգության ոլորտում մշակումների վրա տասնյակ միլիոնավոր դոլարներ է ծախսում, իսկ ընդհանուր առմամբ ՆԱՏՕ-ի անդամ-երկրների ծախսը մոտակա տարիների համար կարող են հասնել մինչեւ մի քանի միլիարդ դոլարի:





























