Հայաստանի եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի վարկանիշը ավելի բարձր է, քան ՀՀԿ-ի վարկանիշը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 19-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Նա նշեց, որ բոլոր համագործակցություններին այդ թվում ՀԱԿ -ԲՀԿ համագործակցությանը դրական են վերաբերում:  Գալուստ Սահակյանը արձագանքեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին լուրերին:«Այդ  հարցը մեզ չպետք է թելադրեիք, որովհետեւ վերջին հաշվով մենք Ռոբերտ Քոչարյանի սատարող ուժն ենք եղել եւ 10 տարի համատեղ աշխատել ենք: Հետեւաբար վախի սինդրոմներ չեն կարող լինել եւ, վերջապես, ինչի՞ց վախենանք: Մենք կարող ենք հարգել բոլորին եւ պայքարել, որ մեր նախագահը  վերընտրվի»,- ավելացրեց Գալուստ Սահակյանը:

Սահակյանը արձագանքեց  նաեւ ՀԱԿ-ի այն գնահատականին, թե Էդուարդ Շարմազանովի կողմից հնչեցված այն հայտարարությունը, թե 2013թ-ի հաղթելու է Սերժ Սարգսյանը, իսկ մյուս կուսակցությունները պայքարելու են 2-րդ տեղի համար, բռնապետական է:«Անիմաստ հարցադրում է  եւ չեմ ուզում անիմաստ դուրս գալ: Սկսենք նրանից, թե արտահերթ նախագահական, խորհրդարանական ընտրություն պետք է լինի, ավազակապետություն է, տեսեք` ինչ ենք անելու, մորթելու ենք, փշրելու ենք, դա լրիվ օրինական է, ավտորիտար չէ, իսկ այդ հայտարարությունը ավտորիտար է: Այն ժամանական էլ Լեւոնին էին ասում` պետք է հաղթի: Այն ժամանակ, որ չենք դատվել, հիմա ինչի պետք է դատվենք»,- նկատեց Սահակյանը:

Ի դեպ, լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ են կրակները հետապնդում ՀՀԿ-ին` վառվում են կտուրները, պայթում են փուչիկները: Ի պատասխան` ՀՀԿ խմբակցության ղեկավարն արձագանքեց. «Կարող եմ նուրբ պատասխանել, Դանկոյի սիրտն էլ էր վառվում: Ժողովուրդն ասում է` ո՞ւմ վրա այդքան կռռան, որ կրակները չհետապնդեն»:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի