Թեգ Ռոմնին` ԱՄՆ նախագահի թեկնածուի որդին, խոստովանել է, որ ցանկություն է ունեցել հարվածելու Բարաք Օբամային:
Միթ Ռոմնիի որդին ռադիոհաղորդման ժամանակ պատասխանել է այն հարցին, թե ինչ է զգացել, երբ նախագահ Օբաման նախընտրական բանավեճերի ժամանակ իր հորն անվանել է ստախոս, հաղորդում է CNN-ը: Թ. Ռոմնին հայտարարել է, որ իր առաջին ցանկությունը եղել է «ճեղքելով մտնել բեմ եւ հարվածել» գործող նախագահին, հաղորդում է «Ա եւ Ֆ»-ը:
«Բայց մենք բոլորս հոյակապ հասկանում ենք, որ այդպիսի բան անել չի կարելի: Նախ առաջին, այնտեղ գաղտնի գործակալության մեծ թվով աշխատակիցներ կային, ովքեր պատասխանատու էին անվտանգության համար, եւ երկրորդ` պետք է հասկանալ, որ այդպիսին է գործընթացի յուրահատկությունը. Դեմոկրատները պետք է ամեն ինչ անեն բոլորին վստահեցնելու համար, որ իմ հայրը ստախոս է, չնայած իրականում նա առհասարակ այդպիսին չէ»,-ավելացրել է Մ.Ռոմնիի որդին, մեջբերում է «Ինտերֆաքս»-ը:
Հիշեցնենք, հոկտեմբերի 17-ին Օբաման հաղթող ճանաչվեց երկրի բարձրագույն պաշտոնի թեկնածուների միջեւ անցկացվող բանավեճերի երկրորդ փուլում: CNN-ի տվյալներով` Օբամայի ելույթը դուր է եկել հեռուստադիտողների 46 տոկոսին, իսկ Ռոմնիին ձայն են տվել 39 տոկոսը:




























