«Վրացական երազանք» կոալիցիայի ղեկավար, Վրաստանի վարչապետի պաշտոնի թեկնածու Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է այն մասին, որ արտասահմանյան իր այցելությունները սկսում է Եվրոպայից, հաղորդում է «GHN»-ը: Այդ մասին Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է Թբիլիսիում այցով գտնվող ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպումից հետո:

Իվանիշվիլիի խոսքերով, դա նրա երկրորդ հանդիպումն էր Շտեֆան Ֆյուլեի հետ, եւ նրանց միջեւ հետաքրքիր զրույց է կայացել: «Մենք շատ խորհուրդներ եւ հրավերներ ստացանք: Ինձ համոզեցին նրանում, որ առաջին հերթին ես պետք է այցելեմ Եվրոպա»,-հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին, հաղորդում է «ԻնտերպրեսսՆյուս»-ը:

Կոալիցիայի ղեկավարի եւ ԵՄ պատվիրակության միջեւ հանդիպումը կայացել է Իվանիշվիլու բիզնես-կենտրոնում: Մասնավորապես, նրանում քննարկվել են Եվրոմիության եւ Վրաստանի միջեւ հարաբերությունների խորացման հեռանկարները:

Հիշեցնենք, որ Շտեֆան Ֆյուլեն հոկտեմբերի 18-ին Բիձինա Իվանիշվիլուն փոխանցել է Բրյուսել այցելության Եվրոմիության ղեկավար Ժոզե Մանուել Բարրոզոի պաշտոնական հրավերը: Ավելի վաղ Իվանիշվիլին հրավեր էր ստացել Վաշինգտոնից, եւ հայտարարել, որ առաջին արտասահմանյան այցը տեղի կունենա ԱՄՆ: