Եվրամիության քաղաքական խորհուրդը հաստատել է Մալիում ռազմական գործողություններ սկսելու վճռականությունը: Սակայն Եվրոպայի ռազմական միջամտության ձեւաչափը այդպես էլ չի որոշվել:
ԵՄ-ը նաեւ հայտարարել է, որ հնարավոր է «պատժամիջոցներ կիրառվեն երկրի հյուսիսում հակակառավարական զինված խմբավորումների գործունեության մեջ ներգրավված եւ սահմանադրական կարգուկանոնի վերականգնմանը խոչընդոտող անձանց դեմ»:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով խորհրդի վերջնական հայտարարությունը, գագաթնաժողովը հրահանգել է ԵՄ Խորհրդին (նախարարների մակարդակով) կարճ ժամանակում ապահովել միասնական արտաքին քաղաքականության եւ ԵՄ անվտանգության բնագավառում վարվող քաղաքականության սահմաններում առաքելության կազմավորումը` օգնելու համար տեղական բանակի ու անվտանգության ուժերի վերակազմավորման եւ պատրաստության մակարդակի բարձրացման նպատակով: Այսպիսով, Մալիում ԵՄ առաքելության պրակտիկ ձեւաչափը կորոշվի աշխատանքային կարգով մոտակա շաբաթվա ընթացքում:





























