Միջազգային հասարակական «Վրացի ներգաղթյալներ» կազմակերպության ղեկավար Զվիադ Կուշիտաշվիլին կոչ է արել Վրաստանում խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» կոալիցիայի ղեկավարությանը վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Հոկտեմբերի 19-ին Մինսկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարել է, որ վրացի ներգաղթյալները կոչ են անում Իվանիշվիլուն նստել Ռուսաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ եւ շարժվել նրա հետ մերձեցման ճանապարհով:

«Ես խոսում եմ բոլոր վրացիների անունից. նրանք ուզում են համագործակցել Ռուսաստանի հետ: Վրաց ներգաղթյալները մեծ ուժ են: Վրաստանում ներկայումս բնակվում են 5 միլիոն մարդ, իսկ աշխարհում վրացի ներգաղյթալների թիվը 2 միլիոն է, որից մեկ միլիոնը ապրում են Ռուսաստանում», -նշել է Զ.Կուշիտաշվիլին:

Նա նաեւ հայտարարել է, որ «Սահակաշվիլին հենց այնպես իշխանությունը չի տա», հաղորդում է «Ինտերֆաքս-Արեւմուտք»-ը:

Ինչպես հաղորդում է «Грузия Онлайн»-ը,  Զվիադ Կուշիտաշվիլին հեռացել է Վրաստանից 6 ամիս առաջ: Բելառուսը Կուշիտաշվիլուն քաղաքական փախստականի կարգավիճակ է շնորհել: