Ռուսաստանը  Հայաստանի անվտանգության բարձրացման առումով միակ հնարավոր գործընկերը չէ: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 19-ին, լրագրողներին ասել է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը: Նրա խոսքով`ուժեղ  Հայաստանը կարող է ցրել մերձկասպյան թուրքերի վարչակարգի ստեղծած ատելության մթնոլորտը:

«Այդ վարչակարգի ձեռքում տառապում են նաեւ Ադրբեջանի ժողովուրդները, այդ թվում նաեւ հենց մերձկասպյան թուրքերը:  Մի խառնեք Բաքվի վարչակարգը այդ ժողովուրդների հետ, նա նրանց հետ ոչ մի ընդհանուր բան չունի: Միանգամայն պարզ է, որ  դա արհեստական նախագիծ է, եւ դրա գլխավոր նպատակը բոլոր հայերին ոչնչացնելն է»,- նշել է Մանուչարյանը:

«Ադրբեջանի լեզգիները, թալիշները եւ այլ ազգերի ներկայացուցիչները հայերից քիչ չեն հալածվում: Հայաստանը կարող է անձամբ չեզոքացնել  Ադրբեջանի ժողովրդի թշնամանքը: Եւ դրա համար պետք է ուժեղ լինի», – ասել է նա: Քաղաքական գործիչը հավելել է, որ Բաքվի վարչակարգի ագրեսիվ միջավայրում  պետք է իշխի վախը. Ադրբեջանը պետք է հասկանա, որ Հայաստանի հետ ուժի լեզվով խոսելն անիմաստ է, անհրաժեշտ զենքը Հայաստանն ունի, սակայն ոչ բավականաչափ քանակով:  Այդ պատճառով էլ պետք է տարբերակներ որոնել համագործակցության, երկխոսության համար: Այսօր գլխավորը Ռուսաստանի հետ բանակցություններն են, բայց եթե արդյունք չտան, կարելի է հայացքն ուղղել նաեւ դեպի Չինաստան եւ ՆԱՏՕ:  «Վերջիվերջո, մենք ունենք հայաբնակ Ջավախքը, որտեղ մի օր կարող են տեղակայվել նաեւ ՆԱՏՕ-ի կայաններ», – եզրափակել է Մանուչարյանը: