Սուրճի վաճառքի ծավալները Հայաստանում անկում են ապրել: Այդ մասին NEWS.am-ին ասաց «Ռաֆֆայել Քոնթինի Թրեյդինգ Քամփնի» հայ-լիբանանյան ընկերության տնօրեն Ռաֆֆի Մխչյանը: Ընկերության արտադրանքն այս օրերին ներկայացվում է Երեւանում բացված ArmProd EXPO 2012 ցուցահանդեսում: Ընկերությունը հայ սպառողներին առավելապես հայտնի է «Ռիո Գրանդե» ապրանքանիշով:
Ըստ Ռ. Մխչյանի` ժողովրդի մոտ անվստահություն է առաջացել հատկապես փաթեթավորված սուրճի նկատմամբ: «Մարդիկ այնքան խարդախություն են տեսել, որ նախընտրում են գնել հատիկավոր սուրճ, սակայն չգիտեն, որ դա էլ է հնարավոր կեղծել»,- ասաց Ռ. Մխչյանը: Ընդ որում` կան հատիկավոր սուրճը կեղծելու մի քանի տարբերակներ: Օրինակ` հատիկանման բույսերը բովում են եւ խառնում սուրճի հետ, ինչը կարելի է նկատել միայն շատ ուշադիր զննումից հետո: Ռ. Մխչյանը տեղեկություններ է ստացել նաեւ այն մասին, որ որոշ անբարեխիղճ տնտեսվարողներ սուրճը խառնում են գարու կամ կաղնի հետ, այնուհետ հատուկ ձեւաշերտով նոր «սուրճ» են ստանում:
Ռ. Մխչյանը հավաստիացրեց, որ «Ռիո Գրանդեն» բացարձակապես զերծ է խառնուրդներից, այդ պատճառով էլ համեմատաբար թանկ է մյուս սուրճերից: «Չի կարող պատահել, որ սուրճի մեկ փաթեթը լինի 150 դրամ, աննորմալ երեւույթ է: Սուրճի մաքսային արժեքը 2.9 դոլար է: Դրան գումարեք 25% անխուսափելի կորուստը, ուրեմն գինը հասնում է 5-6 դոլարի: Գումարեք փաթեթավորումը, դեռ շահում են ավելացնում, խանութն էլ իր վերադիրն ունի… այդ ամենով սուրճի բացթողնման գինը նշանակում են 2.5 դոլար: Այդպես չի կարող լինել»,- ասաց Ռ. Մխչյանը: Նրա տեղեկացմամբ` Միջին Արեւելքում սեւ սուրճի միջին արժեքը կգ-ի համար 25 դոլար է:




























