Եվրամիության 27 երկրների եւ կառավարությունների ղեկավարները հ հավանություն են տվել Սիրիայի դեմ նոր պատժամիջոցների կիրառությանը: Եվրամիության երկօրյա գագաթնաժողովի արդյունքներով այս մասին հոկտեմբերի 19-ին հայտնել է Եվրոպական խորհրդի ներկայացուցիչ Հերման վան Ռոմպեյը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Հիշեցնենք, որ նախկինում պատժամիջոցները հաստատվել են արտաքին գործերի նախարարների կողմից:

Արտաքին գործերով ԵՄ-ի Խորհուրդը Լյուքսեմբուրգում  հոկտեմբերի 16-ի նիստի ժամանակ ընդունել է հերթական` Սիրիայի նկատմամբ կիրառվող  պատժամիջոցների 19-րդ փաթեթը: ԵՄ Խորհրդի որոշմամբ անդամ երկրների քաղաքացիներին եւ  ընկերություններին արգելվում է  սիրիական զենք արտահանելու կապակցությամբ ֆինանսական ծառայություններ, այդ թվում ապահովագրության եւ վերաապահովագրության ծառայություններ հատկացնել:

ԵՄ-ի պատժամիջոցներով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց  չի թույլատրվում մասնակցել Սիրիայի հետ երրորդ երկրի հետ ռազմական համագործակցությանը, ինչը կդիտվի որպես Սիրիայի իշխանություններին աջակցություն: