Հայաստանի կառավարությունը մինչեւ նոյեմբերի 7-ը երկրի առաջին նախագահ, ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած հայցի վերաբերյալ իր առարկությունները կներկայացնի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՄԻԵԴ-ի ներկայացուցիչ, Հայաստանի զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը:
Նշենք, որ վերջին ժամանակներս մամուլում շրջանառվում է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` Երեւանում 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի վերաբերյալ Եվրոդատարան հայց ներկայացնելու թեման:
Հնչել են բազմաթիվ մեկնաբանություներ, նաեւ` հայց ներկայացնելը վստահաբար հերքող: «Հայկական ժամանակ» օրաթերթի պնդմամբ` Հայաստանը ՄԻԵԴ-ին պատասխան չունի եւ փաստացի ձգձգում է:
Ընթացիկ տարվա մայիսի 15-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Լեւոն Տեր-Պետրոսյանի հայցի վերաբերյալ վճիռ էր կայացրել` այն մասնակի անհիմն ճանաչելով: Մասնավորապես, առաջին նախագահը պնդում է, որ տեղի է ունեցել մի շարք իրավունքների խախտում`խոսքի ազատություն (երաշխավորված Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների կոնվենցիայի 10-րդ հոդվածով), միավորման իրավունք (11-րդ հոդված),մատնանշվում է տնային կալանքի տակ գտնվելու փաստը, խտրականությունը, Առաջին արձանագրության 3-րդ հոդվածով ամրագրված ազատ, արդար ընտրություններին մասնակցելու իրավունքը, ինչպես նաեւ վիճարկվում է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի` արտակարգ դրություն մտցնելու մասին հրահանգի օրինականությունը:
Ըստ Գեւորգ Կոստանյանի՝ Եվրոպական դատարանը սահմանել է, որ բոլոր թվարկված իրավունքները, բացի մեկից, չեն խախտվել, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի պնդումներն անհիմն են: Միայն երկու` տնային կալանքի եւ միավորման իրավունքի խախտման հարցերի առնչությամբ, դատարանը որոշում չի կայացրել եւ անհրաժեշտ է համարել լրացուցիչ խորհրդակցել Հայաստանի կառավարության հետ, նշել է Կոստանյանը: «Ես ցանկանում են ընդգծել այն հանգամանքը, որ տնային կալանքի տակ գտնվելու պնդումը դատարանը միանշանակ չի ընդունել, հակառակ դեպքում այն կճանաչեր ընդունելի կամ անընդունելի», - ավելացրել է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը:
Միաժամանակ, նա ընդգծել է, որ «մարտի 1-ի դեպքերի հետ կապված տնային կալանքի տակ գտնվելու Լեւոն Տեր-Պետրոսյանի պնդումը անհիմն է»: Ըստ նրա՝ հաջորդ փուլում Եվրոպական դատարանը կարող է կայացնել 2 որոշումներից մեկը՝ կամ այդ պնդումները կհամարի անընդունելի, կամ էլ կկայացնի որոշում, որը կհաստատի կամ փաստը, կամ էլ խախտման փաստի բացակայությունը:
«Ինձ համար՝ որպես Հայաստանի կառավարության ներկայացուցչի, նշանակություն չունի, թե ինչ գործի մասին է խոսքը: Ես տեղին չեմ համարում հաղթանակի կամ պարտության մասին խոսելը, քանի որ Եվրոպական դատարանի ցանկացած որոշում, անկախ նրանից, թե հաստատվել է արդյոք խախտման առկայությունը, թե ոչ, նպատակ ունի մեզ ավելի լավը դարձնելու, մոտեցնելու եվրոպական չափանիշներին: Սա դաս է, հիմք՝ որոշակի գործողությունների համար », - ընդգծել է Գեւորգ Կոստանյանը:
Հիշեցնենք, որ 2008 թվականի հետընտրական գործընթացներն ավարտվել էին Երեւանի կենտրոնում բախումներով, որոնց ընթացքում զոհվել էր 8 ցուցարար եւ Ներքին զորքերի 2 զինվորական: Մարդկանց մահվան համար դեռ ոչ ոք չի պատժվել:





























