Վրաստանի պաշտպանության ապագա նախարար, «Մեր Վրաստան` ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան խոստանում է կրճատել բանակի թվային կազմը եւ ավելի շարժուն ու արդյունավետ դարձնել: Ալասանիան նաեւ ընդգծել է, որ չի պատրաստվում «հարձակողական զինված ուժեր» ստեղծել: Այդ մասին նա հայտնել է ռուսական լրատվական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը:
«Այժմ մենք ունենք 30 հազարից ավելի զինծառայողներ: Ես արդեն ունեմ ծրագիր, թե ինչպես դա կարելի է փոխել, սակայն առաջին հերթին ես պետք է այդ ծրագիրը ներկայացնեմ ապագա վարչապետին», - ասել է Ալասանիան: Ըստ նրա գնահատման՝ Վրաստանի համար վտանգ են ներկայացնում ահաբեկչությունը եւ ծայրահեղականությունը, եւ զինված ուժերը պետք է «արագ եւ արդյունավետ» արձագանքեն այդ սպառնալիքներին:
«Մենք Աֆղանստանում եւ Իրաքում փորձառու հիանալի զինծառայողներ ունենք, այնպես որ, վստահ եմ, Վրաստանն օրինակելի պետություն կդառնա` փոքր, շատ շարժուն եւ արդյունավետ բանակով»,- ասել է պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնի թեկնածուն:




























