Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել եւ Պետդումա է մտցրել Դաշնային օրինագիծը, որը Հայաստանի եւ ՌԴ-ի հարկային համաձայնագրերի փոփոխություններ է պարունակում: Համապատասխան հրամանը հոկտեմբերի 19-ին տեղադրվել է դաշնային չափորոշիչների եւ կարգադրական ակտերի բանկում:
Խոսքը վերաբերում է «ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը վերացնելու մասին» 1996 թվականի դեկտեմբերի 28-ի համաձայնագրում եւ նրան կից արձանագրության մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունների վավերացմանը, հաղորդում է «Փրայմը»:
Փաստաթուղթը ուղղված է եկամուտների եւ գույքի կրկնակի հարկման վերացմանը, հարկերից խուսափելու եւ հարկային խտրականությունների կանխմանը, ասվում էր նիստի օրակարգում:
Էական հարկերը, որոնց վրա տարածվել է համաձայնությունը, համարվում են կազմակերպություններից ստացվող եկամուտների հարկերը, ֆիզիկական անձանց եկամուտների հարկը, կազմակերպության գույքահարկը, ֆիզիկական անձանց գույքահարկը:




























