Ղարաբաղի կառավարությանը կից զբոսաշրջության վարչությունը զարգացնում է հարավային զբոսաշրջային միջանցքը` Ստեփանակերտից մինչեւ Արաքսի ափը: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է վարչության ղեկավար Սերգեյ Շահվերդյանը, 2012 թ-ին ուսումնասիրվել է ԼՂՀ Մարտունու շրջանի Ամարաս վանքը եւ նրա վերանորոգման հետ կապված հարցերը: Այս հարցին վարչությունը կվերադառնա մեկ տարի անց:
«Այժմ մենք վերականգնում ենք միջանցքի ճանապարհին գտնվող Տող գյուղի խաղահրապարակները: Հադրութի շարունակությամբ մենք չենք աշխատում. այնտեղ խնդիրները բավականին լուրջ են: Առաջին հերթին դա Արաքս գետի երկայնքով ճանապարհի վերանորոգումն է: Քանի որ այս նախագիծը բավականին լայնածավալ է եւ միայն մեզնից չէ կախված, այն ավելի ուշ կդիտարկվի»,-ավելացրել է Շահվերդյանը: Ստեփանակերտից Հադրութ ձգվող ճանապարհը նորմալ վիճակում է, նախատեսվում է վերանորոգել նաեւ Կապան-Կովսական (Զանգելան) ճանապարհը, որը կհեշտացնի հարավային մուտքը Ղարաբաղ` Ի հավելումն Գորիս-Բերդաձոր(Լաչին) եւ հյուսիսային Վարդենիս-Քարվաճառ հիմնական երթուղուն:
Անդրադառնալով միջանցքի ճանապարհին հյուրանոցային շինարարության նկատմամաբ հետաքրքրությանը` Շահվերդյանը նշել է, որ ներկայումս ողջ Ղարաբաղում հաշվարկվում է 32 հյուրանոց, եւս ոչ մեծ մեկ հյուրանոց կա Հադրութում:
Նշենք, որ ԼՂՀ-ի հարավային զբոսաշրջային միջանցքը, որը հաստատվել է զբոսաշրջության վարչությունում, Ստեփանակերտից Մարտունու շրջանով հասնում է մինչեւ Արաքս գետի ափ: Նախագիծը կդառնա Հայաստանում նախագծված Նորվանքից մինչեւ Գորիս քաղաք ձգվող հարավային միջանցքի շարունակությունը: Արցախյան միջանցքի պայմանական կետերն են 4-րդ դարի Ամարաս վանական համալիրը, Սխտորաշենի 2 հազար տարվա չինարի ծառը եւ մի շարք այլ տեսարժան վայրեր:



























