Ադրբեջանցի ահաբեկիչների հետքը նկատելի է իսլամական արմատական խմբերի մասնակցությամբ բոլոր «թեժ կետերում»: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին նշել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Հալեպում սպանվել էր ադրբեջանցի ահաբեկիչ: Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել Աֆղանստանում ադրբեջանցի ահաբեկիչների մասին: «Նման հակամարտություններում ադրբեջանցիներն ամենուր իրենց ավանդն են ներդնում: Չեմ զարմանա, որ եթե վաղն Ինդոնեզիայում կամ Շրի Լանկայում հակամարտություն ծագի, այնտեղ եւս ադրբեջանական հետք հայտնաբերվի», -նշել է փորձագետը:

Նրա խոսքով` դժվար է դատել` կա արդյոք Ադրբեջանի կառավարության գաղտնի աջակցությունը ահաբեկիչներ պատրաստելու գործում,  բայց որ նման բան կատարվում է, դա փաստ է:  «Պակիստանի հետ սերտ կապերը պատահական չեն, իսկ Արցախյան պատերազմում Ադրբեջանի կողմում  չեչեն գրոհայինների մասնակցությունը շատ հատկանշելի էր», - ընդգծել է փորձագետը: 

Արկադի Գրիգորյանը նաեւ նշել է, որ աշխարհը վերջապես պետք է գիտակցի` ով է թաքնված «քաղաքակիրթ Ադրբեջան պետության» դիմակի տակ:

«Հարկավոր է բացել աչքերը, չվաճառվել նավթով եւ խավիարով: Ադրբեջանն արհեստականորեն ստեղծված պետություն է, որը տարածաշրջանում ապակայունացնող դեր է կատարում», - ամփոփել է փորձագետը: