Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ, Կալիֆորնիա նահանգի կոնգրեսական Էդ Ռոյսը հայտնել է Իլինոյս նահանգը ներկայացնող կոնգրեսակայն Ռոբերտ Դոլդին երկու կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ գործող այս հանձնախմբի համանախագահի պաշտոնում նշանակելու մասին:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության համաձայն, հանձնախմբի համանախագահ Էդ Ռոյսը հոկտեմբերի 18-ին տարածած իր հաղորդագրության մեջ նշել է. «Կոնգրեսական Դոլդի նշանակումը Հանձնախմբի փոխնախագահի պաշտոնում մեծ պատիվ է ինձ համար: Հայաստանին վերաբերող քաղաքականության հարցերում նա միշտ եղել է առաջնորդներից մեկը: Հանձնախումբը ջանք չի խնայում՝ փորձելով առաջընթաց ապահովել հայ-ամերիկյան հարաբերություններում, եւ Հանձնախմբի առաջնորդների թվում Ռոբերտին ընդգրկելը դրական մեծ ազդեցություն կունենա Հանձնախմբի աշխատանքի վրա»:
«Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի փոխնախագահի պաշտոնում նշանակումն ինձ համար մեծ պատիվ է: Ցանկանում եմ շարունակել աշխատանքը՝ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետության միջեւ քաղաքական, տնտեսական եւ մշակութային կապերի ամրապնդման ուղղությամբ», - ասել է կոնգրեսական Դոլդը՝ ի պատասխան Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի հանրապետական փոխնախագահի պաշտոնում իր նշանակման:
«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, կոնգրեսական Դոլդը ԱՄՆ-ի Կոնգրես ներկայացված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին թիվ 304 բանաձեւի համահեղինակներից է, դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընի կողմից արտգործնախարարության հանդիպումներից մեկի ընթացքում Հայոց ցեղասպանությունը «պատմաբանների քննարկման հարց» անվանելուն:
Կոնգրեսական Դոլդը, բացի այդ, սատարել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից 2011 թվականի դեկտեմբերին ընդունված «Եկեղեցիների վերադարձը» թիվ 306 բանաձեւը, որը Թուրքիային կոչ է անում վերադարձնել բռնագրավված քրիստոնեական եկեղեցիները եւ վերջ տալ քրիստոնյա փոքրամասնության նկատմամբ ճնշումներին:





























