Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, արեւմտամետ նախկին վարչապետ Սահադ Հարիրիի կուսակցության անդամ Իքաբ Սաքրը, որը Թուրքիայում գտնվում էր  «սիրիական ազատ բանակի» գրոհայինների հետ կապերը համակարգելու համար, սիրիական ընդդիմադիրների երկու խմբերի փոխհրաձգության արդյունքում վիրավորվել է: Այդ մասին տեղեկացնում է Սիրիայի պետական «ՍԱՆԱ» գործակալությունը` վկայակոչելով լիբանանյան «Ալ Ախբար» թերթում լրագրող Ռադվան Մուրթադի հրապարակումը:

Հաղորդվում է, որ Սաքրը բուժման համար Ֆրանսիա է տեղափոխվել Հարիրիի մասնավոր ինքնաթիռով: Լիբանանցի լրագրողը քննադատել է Հարիրիի տեղեկատվական բյուրոյին, որն Իքաբ Սաքրի գործունեությունը ներկայացրել էր որպես մարդասիրական: Հոդվածի հեղինակը հեգնանքով նշել է , որ  ահաբեկիչներին եւ վարձկաններին հովանավորելը դժվար թե մարդասիրական առաքելություն համարվի: Նա գրել է, որ  կան անհերքելի ապացույցներ, որ Իքաբ Սաքրը զբաղվում է սիրիացի գրոհայիններին զենք մատակարարելով:   Ռադվան Մուրթադան ընդգծել է, որ «Ալ Մուսթաքբալ» շարժման անվտանգության պատասխանատու, պաշտոնաթող գնդապետ Ամիդ Համուդը զբաղվում է  գրոհայիններին ընտրելով եւ  նրանց Սիրիա ուղարկելով: 

Բացի դրանից, Սիրիայում անվտանգության  խաթարման ոչ անմիջական գործողությանը մասնակից են  «Ալ Մուսթաքբալից» Լիբանանի խորհրդարանի անդամ Հալեդ Ալ Դահերը եւ նրա եղբայր Ռաբիան:  Հոդվածի հեղինակը հեգնանքով նկատել է, որ  այսպես կոչված  «խաղաղության աղավնիները» «Ալ Մուսթաքբալից» պարբերաբար Թուրքիա, Լիբանան եւ Սիրիա են թռչում խոշոր գումարներով, որոնք ոչ միշտ են  բաշխվում  տերերի  ցուցումների համաձայն: