Թուրքիայի հարավ-արեւելյան Մարդին նահանգի Օմերլիի քաղաքապետ, ըննդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության անդամ Յըլմազ Ալթունդաղի դեմ բազմաթիվ դատական գործեր են բացվել՝ հին մզկիթը քանդելու եւ տեղում նորը կառուցելու մեղադրանքով։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ Մարդին նահանգում միակ ընդդիմադիր քաղաքապետ Յըլմազ Ալթունդաղը նշել է, թե 2009-ին քաղաքապետ ընտրվելուց սկսած մշտապես իր դեմ տարբեր դատական գործեր են հարուցել։ Նա նշել է, թե խնդրո առարկա մզկիթն իր նախագծով  եւ ժողովրդի աջակցությամբ է կառուցել։ Քաղաքապետի խոսքով՝ Մարդին նահանգում 4 մինարեթ ունեցող մզկիթ միայն իրենց մոտ կա։

Յըլմազ Ալթունդաղը շեշտել է, թե ամբողջ պաշտոնավարման ընթացքում ինչքան լավ բան որ ստեղծվել է, դրա կապակցությամբ անմիջապես իր դեմ հայցեր են ներկայացվել։

Օմերլիի քաղաքապետը հիշեցրել է, որ Թուրքիայում ինքն առաջին է, ով հայերենով, քրդերենով, արաբերենով, թուրքերենով, ասորերենով եւ անգլերենով ակադեմիական կոնֆերանս է կազմակերպել։