«Արմավիա» ավիաընկերությունը օրվա ավարտին մարել է այն պարտքը, որի պատճառով «Զվարթնոցը» դադարեցնում էր ընկերության չվերթների սպասարկումը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Արմավիայից»: Նրանք նշեցին,որ մարել են պարտքի թույլատրելի ծավալի սահմանները գերազանցող գումարը եւ ակնկալում են, որ այլեւս չվերթների սպասարկումը դադարեցնելու պատճառ չի լինի:
Նշենք, որ երկու օր է` «Զվարթնոց» օդանավակայանը նորից դադարեցնում է «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը: Սակայն «Արմավիան» փոխանցում է որոշակի գումար, եւ դրանց սպասարկումը վերսկսում է: Այսօր «Զվարթնոցը» վերականգնել է չվերթների սպասարկումը, քանի որ ավիաընկերությունից խոստացել էին, թե այսօր` մինչեւ օրվա վերջ, պարտքը հասցնել մինչեւ 3 միլիոն դոլարի: Ավելի վաղ պարտքը կազմում է 3 մլն 215 հազար դոլար:
Հիշեցնենք, «Արմավիայի» եւ «Արմենիա միջազգային օդանավակայանների» (որին պատկանում է «Զվարթնոց» օդանավակայանը) հակասություններն արդեն մի քանի ամիս շարունակվում են: Մի քանի անգամ «Զվարթնոցը» դադարեցրել էր «Արմավիայի» թռիչքները` պարտքի թույլատրելի ծավալի սահմանները գերազանցելու համար, սակայն բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության էին եկել:





























