Երեւանում ընթացող ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության միջազգային երկօրյա համաժողովի ընթացքում այսօր` հոկտեմբերի 19-ին ընդունվեց «Երեւանյան հռչակագիրը»:
Հռչակագիրը բաղկացած է վեց կետերից, որոնք նախատեսում են զբոսաշրջության միջոցով ամրապնդելու միջմշակութային երկխոսությունը, խրախուսելու էթիկայի արժեքների հանդեպ հարգանքը, տարածելու եւ կիրառելու ՄԱԿ Զբոսաշրջության էթիկայի համաշխարհային կանոնագիրքը եւ այլն։
ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆային հայտարարեց, որ 2012 թ. ամբողջ աշխարհում զբոսաշրջիկների թիվը կհասնի 1 միլիարդի, իսկ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները «Շվեյցարիա» դառնալու: Թ. Ռիֆայիի խոսքով՝ զբոսաշրջության զարգացման միակ հնարավորությունը ծով ունենալը չէ, և Հայաստանը մեծ առավելություններ ունի մշակույթի, գյուղական վայրերի եւ կոլորիտի առումով: Նա դրական գնահատեց այն, որ անցած 20 տարիների ընթացքում ՀՀ զբոսաշրջությունը 6 անգամ աճել է:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի գնահատմամբ` «Երեւանյան հռչակագրի» ընդունումը պատմական նշանակություն կունենա Հայաստանի համար, մեր երկիրն ավելի ճանաչելի կդարձնի արտասահմանում:





























