Երեք մարդ է զոհվել եւ 86-ը վիրավորվել են այսօր` հոկտեմբերի 19-ին Բեյրութի արեւելյան հատվածում որոտացած պայթյունի հետեւանքով: Նման ճշտված տվյալներ է ներկայացրել Լիբանանի առողջապահության նախարար Հասան ջալիլը: Ավելի վաղ հաղորդվում էր առնվազն 8 զոհերի մասին:

Հիվանդանոցներում չի բավարարում արյունը, բժիշկները դիմել են բնակչությանը օգնության խնդրանքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով տեղական լրատվամիջոցները: Պայթյունի վայրը թանձր ծխի մեջ է: Պայթյունի մերձակայքում գտնվող տներին զգալի նյութական վնաս է հասցվել, վնասվել են տասնյակ մեքենաներ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, վկայակոչելով Լիբանանի հայկական «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանին, դեպքը տեղի է ունեցել քաղաքի արեւելյան շրջանում, որը  հիմնականում քրիստոնյաներով է բնակեցված: «Ներկայումս անհայտ է սպանվածների եւ տուժածների ազգային պատկանելությունը: Այս թաղամասում հիմնականում քրիստոնյաներ են բնակվում, այդ թվում` հայեր»,- ասել էր Քանդահարյանը եւ հավելել, որ ներկայումս ահաբեկչական ոչ մի խմբավորում իր վրա չի վերցրել  պայթյունի պատասխանատվությունը: