Ընդհանուր առմամբ Հարավային Կովկասի, եւ հատկապես` ղարաբաղյան հակամարտության համար ահաբեկչական սպառնալիքը ձեռք է բերում անդրսահմանային բնույթ: Այս մասին NEWS.am-ին ասաց ՌԴ ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշեւը:
Փորձագետը հիշեցրեց, որ վերջերս ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել Սիրիայում Ռուսլան Գելաեւի որդու սպանության մասին. «Նման կարգի տեղեկատվությունը թույլ է տալիս խոսել Կովկասը Մերձավորարեւելյան սյուժեում դնելու մասին, ինչը պետք է տագնապ առաջացնի»,-նշեց Արեշեւը:
Ըստ նրա` որոշ տվյալներով Ադրբեջանում արմատական կազմակերպությունների թվի աճ է նկատվում. «Ընդ որում կազմակերպություններ, որոնց անդամները «կոփվում են» Մերձավոր Արեւելքում: Դա բավականին վատանգավոր է, ընդ որում ` ոչ միայն Ղարաբաղում հնարավոր նոր պատերազմի համատեքստում, այլ Ադրբեջանում ներքին իրավիճակի հետ կապված»,-նշեց փորձագետը:
Հիշեցնենք, որ ռազմական գործողությունների ժամանակ Հալեպում Ադրբեջանի քաղաքացի գրոհային էր սպանվել:




























