Հոկտեմբերի 19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հանուն ժողովրդավարության եւ համերաշխության Եվրոպական ֆորումի պատվիրակությանը՝ փոխնախագահ Յան Մարինուս Վիերսմայի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին Եվրոպական խորհրդարանի անդամներ Քրիստիան Վիգենինը, Մարիա Մունիզ դե Ուրքիզան, Էդիթ Հերցոգը, միջազգային հարաբերությունների մի շարք փորձագետներ:
Հանդիպման ընթացքում հանգամանալից զրույց տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների, այդ շրջանակներում իրականացվող ծրագրերի, Ասոցացման համաձայնագրի, խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ ընթացող բանակցություններում արձանագրված առաջընթացի մասին։ Զրույցի ընթացքում կարեւորվեց մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ հոկտեմբերի 18-ին նախաստորագրված համաձայնագիրը, որը հանդիպման մասնակիցների բնորոշմամբ կխթանի մարդկային շփումները եւ փոխանակումները Հայաստանի եւ ԵՄ երկրների միջեւ։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաեւ Հայաստան – ԵՄ համագործակցության խորհրդարանական ձեւաչափի շուրջ, ընդգծելով, որ այն կարեւոր դեր է կատարում փոխգործակցությունն ամրապնդելու եւ ընդլայնելու գործում։
Հյուրերի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի էությունը, Ադրբեջանի ապակառուցողական քայլերը։ Այս ենթատեքստում նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ԵՄ միանշանակ արձագանքը Սաֆարովի գործարքի վերաբերյալ, Եվրախորհրդարանի կողմից ընդունած դատապարտող բանաձեւը:





























