Վրաստանի ապագա արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հաստատել է, որ նոր կառավարությունում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղիներ են մշակվում։ Նա կարծում է, որ կարելի է սկսել տնտեսական կամ մշակութային կապերից։
«Ամենասկզբից, երբ Բիձինա Իվանիշվիլին քաղաքականության ասպարեզ մտավ, հայտնեցինք, որ Վրաստանի արտաքին քաղաքական ուղղությունը չենք փոխի։ Մեր առաջնահերթությունները նույնն են՝ եվրոպական եւ եվրոատլանտյան ինտեգրացիա, գործակցություն ԱՄՆ-ի հետ եւ լավ հարաբերություններ մեր հարեւանների հետ։ Նորություն կարելի է համարել Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը», - «ՌԻԱ Նովոստիի» հետ հարցազրույցում ասել է Փանջիկիձեն։
Նա նաեւ նշել է, որ կոալիցիան գիտի, թե ինչպես է պետք աշխատել հյուսիսային հարեւանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Փանջիկիձեն Բիձինա Իվանիշվիլիին հիշեցրել է, որ կարելի է սկսել տնտեսական եւ մշակութային կապերից։
Հիշեցնենք, «Վրացական երազանք» կոալիցիան հաղթել էր Վրաստանի նախագահական ընտրություններում, ինչից հետո դրա առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հրապարակել էր կառավարության նոր կազմը։ Իվանիշվիլին անձամբ առաջադրվելու է վարչապետի պաշտոնում։ Վրացական նոր խորհրդարանի առաջին նիստը կկայանա հոկտեմբերի 21-ին։





























