Հայաստանի առողջապահության նախարարությունն ահազանգ է ստացել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում արձանագրված սիբիրյան խոցի կասկածելի դեպքերի վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Առղոջապահության նախարարությունից: Ահազանգը ստանալուն պես տեղում իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն: Հիվանդության կասկածով անձանցից կատարվել  է նմուշառում լաբորատոր հետազոտությունների համար: Վերջիններիս արդյունքները պարզ կլինեն մոտակա օրերին:

Կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են: Խոստացել են տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն:

Հիշեցնենք, որ երեկ Սննդի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Բաբկեն Պիպոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում սիբիրախտ չկա, վերջին անգամ այն արձանագրվել է երեք տարի առաջ: Նա նշել է, թե Գումի շուկայում իրականացվող ստուգումների արդյունքում հիվանդ կենդանու մսի հայտնաբերման 4 դեպք է արձանագրվել, որից երեքի դեպքում մսամթերքը գնացել է երշիկի գործարան` ջերմային մշակման, այսինքն` չի համապատասխանել պայմաններին, բայց նաեւ ոչնչացման ենթակա չի եղել, եւ գրանցվել է մեկ դեպք, երբ մսամթերքը ենթակա է եղել ոչնչացման եւ ոչնչացրել են: