ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախագահական ընտրությունների իր մրցակցին` Միթ Ռոմնիին նոր հիվանդություն է ախտորոշել ` «ռոմնիզիա»: Նրա խոսքով, սա հիվանդություն է, որը ստիպում է մոռանալ նախկին խոստումները եւ հայացքները: Նա նաեւ առաջարկել է ծանր հիվանդությունից ազատվելու միջոցը` «օբամաբուժություն»:
Հանդես գալով Ջորջ Մեյսոնի համալսարանում (Վիրջինիա նահանգ, Ֆեյրֆաքս)` Բ. Օբաման նշել է, որ այն հարցերում, որոնք վերաբերում են աշխատատեղերին, հակաբեղմնավորման, աբորտի եւ սեռային հավասարության հարցերին, ապա Ռոմնիի մոտ նկատվում է «ռոմնիզիա», եւ այն քաղաքականությունը, որը նա առաջարկում է երկրին, ավելի շատ սազում է 1950-ականներին: «Եթե դուք հիվանդացել եք «ռոմնիզիայով», ապա «օբամաբուժություն»-ը ձեզ կօգնի հիվանդության վաղ շրջանում: Մենք ձեզ ոտքի կկանգնեցնենք»,-կատակել է նախագահը, հաղորդում է ՌԲԿ-ն` վկայակոչելով Associated Press-ը:
Հիշեցնենք, որ Բ.Օբաման Մ. Ռոմնիի նկատմամբ հաղթանակ է տարել երկրորդ բանավեճի ժամանակ: Սոցոլոգիական ուսումնասիրության արդյունքների համաձայն, հարցված ընտրողները կարծում են, որ գործող նախագահը առավել համոզիչ է ելույթ ունեցել, քան նրա հանրապետական-մրցակիցը: Մ. Ռոմնիին հաղթանակ են տվել հարցվածների 33 տոկոսը: Բանավեճի երրորդ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին Ֆլորիդայում: Այն կնվիրվի երկրի արտաքին քաղաքականությանը: ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2012 թ-ի նոյեմբերի 6-ին:





























