Բրիտանացի պահպանողական նախարար Էնդրյու Միթչելը պաշտոնից հեռացել է ոստիկանների հետ սկանդալի պատճառով։ Նախարարի հրաժարականն էին պահանջում Ոստիկանական ֆեդերացիան (Police Federation) եւ լեյբորիստները։

Միթչելին, որը նաեւ խորհրդարանական կուսակցական կազմակերպչի պաշտոնն էր զբաղեցնում, կփոխարինի Ջորջ Յանգը։

BBC News-ի հաղորդմամբ, Միթչելը խոստովանել է, որ նախատել է իրավապահներին, սակայն հերքել է նրանց «պլեբս» անվանելը։

Ըստ բրիտանական հեռուստառադիոընկերությունների՝ նախարարի եւ ոստիկանների կոնֆլիկտը ծագել է այն բանից հետո, երբ Միթչելը փորձել է հեծանիվով անցնել վարչապետի Դաունինգ սթրիթի առանձնատան մուտքով, իսկ իրավապահները թույլ չեն տվել եւ ուղարկել են հետիոտնային մուտքով։

Միթչելն ի պատասխան ասել էր. «Կարծում էի՝ դուք, տղաներ, գրողը տանի, մեզ օգնելու համար եք» (I thought you guys were supposed to f***ing help us)։ Ավելի ուշ Միթչելը ոստիկաններից ներողություն էր խնդրել «կոպիտ խոսքերի համար», գրում է  lenta.ru-ն։  Միաժամանակ բրիտանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ նա ոստիկաններին «պլեբս» է անվանել եւ խորհուրդ տվել «իրենց տեղում մնալ»։