Հայ մեծահարուստները ողջ աշխարհում պետք է սոցիալական պատասխանատվություն կրեն հայ ազգի ապագայի նկատմամբ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ելույթ ունենալով Հայ Բարեգործական Ընդհանուր միության 87-րդ ընդհանուր ժողովում:
Տ. Սարգսյանի խոսքով՝ հիմնադրվելով 1906 թ. Կահիրեում՝ Պողոս Նուբար Փաշայի կողմից, ՀԲԸՄ-ն չդարձավ համայնքային տեղական մեկ կազմակերպություն, այլ տարածվեց եւ սփռվեց աշխարհով մեկ: «Ներկայում ՀԲԸՄ-ն ունի կազմակերպչական կառույցներ աշխարհի 26 երկրներում: Աշխարհում շատ քիչ են այսպիսի կազմակերպությունները, որոնք ունեն այսչափ հարուս կենսագրություն, տարածված են աշխարհի բոլոր կողմերում եւ միավորում են հազարավոր հայերի»,- ասաց Տ. Սարգսյանը: Նա հատկապես կարեւորեց ՀԲԸՄ-ի կողմից Հայաստանում իրականացրած կրթական գործունեությունը, այդ թվում՝ Ամերիկյան համալսարանի հիմնումը:





























