Մի քանի էմիգրանտներ վերադարձել են Վրաստան՝ երկրի տնտեսությունը ոտքի կանգնեցնելու նպատակով։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է նախկին դատավոր եւ Ազգայնական շարժման նախկին ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Զաուր Գուրգենիձեն, որը բնակվում էր Ֆրանսիայում՝ քաղաքական ներգաղթյալի կարգավիճակով։ Նա հայտնել է, որ այդ որոշումն անձնական է։
Գուրգենիձեն հայտարարել է, որ իրենք ցանկանում են մասնակցել երկիրը կարգավորելուն։
«Մենք չենք ասում, որ բոլորն ամեն ինչ թողնեն գան Վրաստան, քանի որ տնտեսական իրավիճակն այստեղ առայժմ չի փոխվել։ Մենք կոչ ենք անում ունեւոր մարդկանց, ովքեր կարող են կապիտալ ներդնել Վրաստանում, աջակցել աշխատատեղերի ստեղծմանը, որպեսզի վրացի էմիգրանտները գոնել մեկ տարուց կարողանային տուն վերադառնալ, հաղորդում է «Գռուզիա օնլայն»-ը։ Գործակալությունը նշում է, որ Թբիլիսի են վերադարձել 7 էմիգրանտներ։
Բելգիայից վերադարձած Գեորգի Լափանիշվիլիի խոսքով՝ իրենց վերադարձը կապված չէ «Վրացական երազանքի» պաշտոնական կամ ոչ պաշտոնական որեւէ առաջարկի հետ։
«Դա մեր անձնական որոշումն է։ Մենք փաստացի հրաժարվել ենք բարեկեցությունից, որն այնքան էլ հեշտ չէ ձեռք բերել արտասահմանում։ Ես պատրաստվում եմ մնալ Վրաստանում։ Թե ինչ հարաբերություններ կունենանք նոր իշխանության հետ, հանգամանքները ցույց կտան», - հայտնել է Լափանիշվիլին։ Նա ընդգծել է, որ երկիրը կարգավորելու համար շատ աշխատանք կպահանջվի։





























